“Ուլիխանյան” կվինտետը հիմնադրվել է 1997 թվականին: Խմբի ստեղծման հիմնական գաղափարն էր հանդիսանում ջազային և “պրոգրեսիվ” երաժշտության սինթեզը ակադեմիական ձևերի մեջ:
Առաջին համերգը տեղի ունեցավ 1997 թվականի նոյեմբերին և նվիրված էր Ֆր. Շուբերտի ծննդյան 200 ամյակին: Հաջորդ ծրագիրը բաղկացած էր Քլոդ Դեբյուսիի ստեղծագործությունների ջազային մշակումներից(1998):
1999 թվականին ստեղծվեց երկու ծրագիր` “Դյուք Էլլինգտոն-100” և “Դեյվ Բրուբեկ-80” որոնք 2000 թվականին ներկայացվեցին Լիբանանում հյուրախաղերի ժամանակ: 2000 թվականի օգոստոս ամսին Ղազախստանում կայացավ արվեստի միջազգային փառատոն որտեղ Հայաստանն էին ներկայացնում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, ժող. գործիքների համույթը և “Ուլիխանյան” կվինտետը:
2001 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակի կապակցությամբ խումբը պատրաստեց ծրագիր, որը բաղկացած էր հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի ստեղծագործությունների ջազային մշակումներից: Այդ ծրագիրը ներկայացվեց նաև Լիբանանում, Հորդանանում, Ֆրանսիայում և Սիրիայում հյուրախաղերի ժամանակ:
2002 թվականին կայացավ “Գիշերային սերենադ” խորագրով համերգը, որը ընդգրկում էր տարբեր ժամանակաշրջանների գիշերային երաժշտություն և թողարկվեց “Ulikhanyan Quintet Live” ձայնասկավառակը, որը ամփոփեց 1997-2002 թվականների ստեղծագործական ուղղին:
Տարիների ընթացքում խմբի երաժշտական ոճը ձևափոխությունների ենթարկվեց: Եթե սկզբնական շրջանում մեծ էր իմպրովիզացիայի դերը ձևի կառուցման մեջ, ապա վերջին տարիներին իմպրովիզացիան իր տեղը աստիճանաբար զիջեց հստակ ակադեմիական կառուցվածք ունեցող պարտիտուրներին:
2003 թվականին երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100 ամյակը, և այդ կապակցությամբ “Ուլիխանյան” կվինտետը պատրաստեց ծրագիր, որը ամբողջովին բաղկացած էր Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումներից: Որոշ դրվագներ այդ համերգից տեղ գտան “Культура” ռուսական հեռուստաըկերության կողմից նկարահանված “Век Хачатуряна” վավերագրական կինոնկարում:
2003 թվականի հունիս ամսին Մարտինը, Դմիտրին, իսկ դեկտեմբերին նաև Վարդանը զորակոչվեցին բանակ, և խմբի գործունեությունը ժամանակավոր ընդհատվեց: Սակայն արդեն 2005 թվականի հունվար ամսին Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից բաղկացաց համերգը հնչեց նոր գույներով` թարմեցվեցին մշակումները, կոնտրաբասը փոխարինվեց բաս-կիթառով:
2006 թվականին սկսվեցին “Ճանապարհ դեպի տաճար” ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները: Այդ ալբոմը ամբողջովին բաղկացած էր խմբի գեղարվեստական ղեկավար Մարտին Ուլիխանյանի ստեղծագործություններից, որոնք բացառում են իմպրովիզացիոն տարրերի առկայությունը կոմպոզիցիաների մեջ: Սկզբունքային է դառնում երաժշտական ակադեմիական կառուցվածքը:"Օվացիա" պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ, ձայնասկավառակի շնորհանդեսը կայացավ 2007 թվականի հունիսի 18-ին Երևանի Հովհանես թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:
2007 թվականի նոեմբերի 16ից-26ը կայացան համերգներ Ֆրանսիայի Փարիզ, Էքս, Մարսել, Նից, Թուլոն և Վալանս քաղաքներում: